«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է
12.10.2026 | 11:52

Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ որևէ ռացիոնալ խոսք, որևէ տագնապ, որևէ նախազգուշացում, որևէ կենսական վտանգ հանրությանը չի հետաքրքրում։

Մենք սխալվում ենք` հանրային տրամադրությունները գնահատելիս։ Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո, եկեղեցու դեմ արշավին՝ որպես եկեղեցու կինո, բանակում մահերին՝ զինվոր ունեցող ընտանիքների կինո, Սահմանադրության թեման՝ շատ հեռու կինո։ Ձևավորվում է դեգրադանտ հանրային տրամադրություն, ըստ որի, այդ ամենը ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների խնդիրն է։

Վերջում ձևավորվելու է հավաքական տրամադրություն. «դրանք Հայաստանի խնդիրներն են, մեզ ի՞նչ»։ Սա հավաքական փախուստ է իրականությունից։ Ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել ու հավատալ՝ մի կողմ քաշվելու, քաղաքացի չլինելու համար։

Բոլորը մի փրկիչ ձևակերպում են գտել, թե՝ բժիշկը, երաժիշտը, պետական ծառայողը, ուսուցիչը, նկարիչը, գործարարը «քաղաքականությամբ չի զբաղվի»։ Այնինչ, ընդամենը մի բան է մարդուց ակնկալվում՝ լինել քաղաքացի։ Հայաստանում կարծիք չունենալն ու չվիրավորվելը կոչվում է «քաղաքականությամբ չզբաղվել»։

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում, ընդհանուրի զգացում չունի։ Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։

Փոխել է պետք միջավայրը

Այս միջավայրում քաղաքական գործունեությունը և քաղաքական հաշվարկները չեն գործում։ Փոխել է պետք միջավայրը։ Հայաստանում խոշոր հանրային նախագծերի անհրաժեշտություն կա, պետք է բանականությունը և բարոյականությունը վերադարձնել հանրային կյանք։ Հակառակ դեպքում միշտ շատ հեշտ է լինելու ասել. «մեր ձեռը ի՞նչ կա, մենք ո՞վ ենք, սա մեր պրոբլեմը չէ», և կատարվողին նայել որպես ֆիլմ։ Նման ֆիլմերը սովորաբար տխուր վերջաբան են ունենում բոլորի համար։

Բանականության և բարոյականության դեֆիցիտի պայմաններում շատ հեշտ է, որպես ինքնարդարացում, այլ տեղ մեղավորներ փնտրել, անջատել ուղեղներն ու համակերպվել ամեն այլանդակության կամ համաձայնել ամեն ստորության։

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք։ Քաղաքական և հանրային լիդերության հիմնական խնդիրն այս պահին միջավայրի փոփոխությունն է։ Չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու։ Չի կարելի ինքնակամ մտնել փակուղի՝ խորհրդարանական աշխատանք, թե փողոցային պայքար։ Երկուսն էլ, ամեն ինչն էլ զրոյական արդյունք են տալու, եթե միջավայրը չփոխվի։

Միջավայրը չփոխվի՝ ամենուր «կատարվելու է» միայն բողոքը, բոլորը բոլորից դժգոհելու են՝ ընդդիմության տարբեր թևերը՝ իրարից, ընդդիմությունը՝ իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից, բայց պետության զարգացման համար ոչ մի արդյունք չի ստեղծվելու։

Պարզ ասած, եթե հասարակությունը դուրս չգա իր վիրտուալ «ինքնապաշտպանական կինոթատրոնից», եթե մարդկանց չհամոզենք, որ կատարվողը ֆիլմ չէ, այլ՝ ներկա և ապագա ճակատագրերի, պատմական որոշումների փուլ, մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու։

Միջավայրի փոփոխությունը կբերի երկրում ագրեսիայի նվազմանը, և հակընդդեմ էլիտաների՝ իրար ոչնչացնելու ձգտումը կվերափոխվի իրար լսելու և համակեցությանը նպաստող այլ քայլերի։ Հակառակ պարագայում, այս վիճակից դրական ելք չի երևում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն անհաղորդ է իր երկրին, իսկ հանրային ակտիվը, ճնշող մեծամասնությամբ, լայքահավաքությամբ է զբաղված։ Կան հարցեր, որոնք բոլորից պահանջում են զսպվածություն, իսկ առաջիկայում նման հարցերն անխուսափելիորեն շատանալու են։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ